Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2014թ. մարտի 25–ին ժամը 14:10-ին իր աշխատասենյակում քաղաքացի Դ.Բ.-ից 300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ՊՆ Հրազդանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի խմբի պետ, կապիտան Սերգեյ Վարդանի Սարգսյանը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
Նա նշեց, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 311 հոդ. 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը:




























