Համաշխարհային բանկն այս տարի տնտեսության զարգացման համար Ուկրաինային 3 միլիարդ դոլար կտրամադրի: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովային գործերով ֆինանսական հաստատության տնօրեն Չիմյաո Ֆանը Ազգային բանկի ղեկավար Ստեպան Կուբիվի հետ հանդիպման ժամանակ:
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նման աջակցությունը ներառելու է ներդրումային նախագծերի ֆինանսավորում տնտեսության տարբեր ոլորտներում, տեխնիկական օգնության ցուցաբերում, ներդրումներ մասնավոր սեկտորում: Ինչպես նաեւ միջոցների տրամադրում քաղաքականության զարգացման համար, որոնք ուղղված կլինեն պետական բյուջեի աջակցությանը:
Կողմերը շարունակել են քննարկել վերոնշյալ վարկի պայմանները, քանի որ նախատեսված մի շարք միջոցառումներ ուղղված են ֆինանսական սեկտորի կայունության ապահովմանը եւ բանկային սեկտորում ռիսկերի հնարավոր հետեւանքների մեղմացմանը, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Ստեպան Կուբիվը տեղեկացրել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ներկայումս բանկային ոլորտում տիրող իրավիճակի մասին: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին ուկրաինական ֆինանսական սեկտորում առաջնահերթ ռեֆորմների անցկացման վերաբերյալ կարծիքների կառուցողական փոխանակման համար:




























