Այս տարվա ապրիլի 15-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում կհայտնվի Ուկրաինայի նոր Սահմանադրության տեքստը, որն իր մեջ բարեփոխումների զգալի փաթեթ կներառի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, ապա ապրիլի 15-ին խորհրդարանում կհայտնվի երկրի նոր Սահմանադրության տեքստը: Այդ աշխատանքների շրջանակներում խորհրդարանում եւս մեկ անգամ պնդում եմ, որ պետք է տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում իրականացվի: Դա հիմք կլինի, թե հետագայում ինչպիսի օրենքներ կընդունվեն»,-ասել է Յացենյուկը:
Նրա խոսքով՝ կենտրոնական իշխանությունը կպահպանի առանցքային գործառույթները, ինչպիսիք են ազգային անվտանգության ապահովումը, քաղաքականության ձեւավորումը: «Տեղական իշխանությունը պետք է գործադիր կոմիտեներ ստանա: Կենտրոնական իշխանությունը պետք է տեղերում պրեֆեկտներ ունենա, որոնք չեն զբաղվի միջոցների բաշխմամբ, այլ կհետեւեն օրենսդրության կատարմանը: Դատախազության մարմինները պետք է զրկվեն ընդհանուր հսկողության գործառույթներից»,-հավելել է նա, հաղորդում է ՈՒՆՆ-ն:




























