Վարդան Պետրոսյան, դու ի՞նչ ես անում, մի մոռացիր քո արածի չափը եւ մեր վերքի վրա աղ մի լցրու: Մարտի 25-ին դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած մոդելավորմանն այսպես արձագանքեց ավտովթարից մահացած 16-ամյա Էդուարդ Հակոբյանի հայրը՝ Արթուր Հակոբյանը:

«Վարդան Պետրոսյանի ներկայացրած մոդելավորումը իրականությանը չի համապատասխանում: Նման բան մենք էլ կարող ենք անել մի քանի րոպեում: Մուլտիկ ա լրիվ, թող նստեն ընտանիքով հա նայեն: Ոտքս տորմուզին ա եղել, վթարային լույսերը միացրած են եղել, իսկ մեքենան էլ եղել ա հողածածկ տարածքում: Կողային հայելիների մասին խոսք ընդհանրապես չկա: Ինչ էլ ասեն Վարդան Պետրոսյանն ու իր փաստաբանը, չեն կարող կոծկել իրականությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խոստանալով մարտի 28-ի դատի ժամանակ բացել բոլոր փակագծերը:

Արթուր Հակոբյանը Վարդան Պետրոսյանին եւ իր փաստաբաններին խորհուրդ տվեց խոսել դերասանի խմածության եւ արագությանը գերազանցելու մասին:

Անդրադառնալով աղջկա՝ Տաթեւիկ առողջական վիճակին, Արթուր Հակոբյանը նշեց, որ Տաթեւիկը վերականգնողական փուլում է:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Կոտայքի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում մարտի 28-ին կկայանա գործով հերթական դատական նիստը։