Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած միջադեպի գործով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Միջադեպի մասնակից մյուս 4 անձինք էլ եկել եւ ներկայացել են ոստիկանություն, նրանք առայժմ որեւէ կարգավիճակ չունեն:
Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանը եւ վիճաբանող մյուս անձը՝ Վարուժան Հակոբյանը, ում ուղղությամբ կրակոցներ է արձակել, եղբոր թոռներ են։ «Միջադեպի ժամանակ ես գյուղում չէի, չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ այդպես լուրջ բան չի եղել, ոստիկաններն են զբաղվում դեպքով, չգիտեմ՝ ինչումն է խնդիրը։ Մի կողմը ձերբակալված է, մյուս կողմն էլ լռում է»,- ասաց նա։
Գարիկ Հակոբյանն ասաց, սր վիճաբանող երկու անձինք էլ ամուսնացած են, երեխաներ ունեն։ Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանն էլ ասաց, որ միջադեպը կապ չունի մասնաճյուղի ղեկավարի մասնագիտական գործունեության հետ, անձնական խնդիրներ են եղել, վիճել են կենցաղային հարցերի շուրջ: «Չգիտեմ՝ կոնկրետ ինչ խնդիր է եղել, գիտեմ, որ նույն գյուղից են, կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել: Ինքը շատ նորմալ, աշխատող մարդ էր, չեմ պատկերացնում՝ ինչ խնդիր է եղել, որ նման բան է արել»,-ասաց տնօրենի տեղակալը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին, ժամը 23.05-ին, 1961 թ. ծնված Ջիվան Հ.-ից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին` 27-ամյա Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 31-ամյա Արմեն Ա.-ն, 26-ամյա Ռուբեն Ղ.-ն, 29-ամյա Աբգար Հ.-ն, 21-ամյա Դավիթ Բ.-ն եւ 44-ամյա Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել եւ վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ` իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 եւ 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում էին միջոցառումներ Արմեն Ա.-ին, Ռուբեն Ղ.-ին, Աբգար Հ.-ին, Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Մխիթար Հ-ն ձերբակալված էր:




























