Երեւանի բնակիչներ 17-ամյա Անդրանիկ Ն.-ն, 17-ամյա Ռուբեն Մ.-ն, 15-ամյա Արմեն Հ.-ն եւ 16-ամյա Հակոբ Ա.-ն մեղադրվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (Բլեյանի դպրոց) գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 30-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում: Անդրանիկ Ն.-ն նախապես համաձայնության գալով ընկերների՝ Ռուբենի, Արմենի եւ Հակոբի հետ, մտել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստագործական տարածք, մտել դպրոց եւ այնտեղից գողացել լուսարձակիչ պրոյեկտոր, համակարգչի պրոցեսոր եւ ձայնային ուժեղացուցիչ:
Անչափահաս տղաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Անդրանիկը, Ռուբենն ու Արմենը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Հակոբը գտնվում է հսկողության տակ:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























