Սիրիայի դեմ նոր դավադրություն է պատրաստվում: Այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Դավադրության էությունն այն է, որ գրավեն Դամասկոսը եւ փոխեն Ասադի ռեժիմը»,-հստակեցրել է նա՝ հավելելով, որ այդ նպատակով Հորդանանի սահմանին նախատեսվում է «Հարավային ճակատ» բացել:

«Բացի այդ, կա տեղեկատվություն, որ Հորդանանի տարածքում ոչ առանց ԱՄՆ մասնակցության ճամբարներ են ստեղծվել, որտեղ գրոհայինների են պատրաստում Սիրայի տարածք ուղարկելու համար»,-նշել է փորձագետը:

Այս ամենը, ըստ արաբագետի, ուղղակի կապ ունի Լաթաքիայի նահանգի Քեսաբի շրջանում վերջին իրադարձությունների հետ, որը հիմնականում բնակեցված է հայերով եւ ալավիներով:

«Այդ սադրանքն ուղղված է նրան, որ ստիպեն ալավիների առաջնորդ, երկրի նախագահ Բաշար Ասադին կառավարական զորքերը հարավից եւ հարավ-արեւմուտքից տեղափոխել երկրի հյուսիս արեւմուտք՝ ալավի բնակչությանը պաշտպանելու համար»,-ասել է Արմեն Պետրոսյանը:

Այսպիսով, Պետրոսյանի կարծիքով, հարմար պահ կստեղծվի Հորդանանի տարածքից Դամասկոսին հզոր հարված հասցնելու համար:
Փորձագետը ուշադրություն է դարձրել, որ նախատեսվող գործողությունը ուղղակի կապ ունի Էրդողանի կառավարության հետ: Հենց պաշտոնական Անկարայի օգնությամբ են մարտի 21-ին երկու ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրենց սեփական շահերն ունեն տարածաշրջանում, ներխուժել թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ:

«Թուրքիան չի կարող հերքել իր առնչությունն այդ դեպքերին, քանի որ 1952-1953 թվականներին Սիրիայի հետ կնքված պայմանագրի համաձայն, երկու հարեւան երկրների միջեւ սահմանը փաստացի վերահսկում է Անկարան, մինչդեռ սիրիական ծանր հրետանին գտնվել է սահմանազատման գծից 5 կմ հեռավորության վրա»,-ամփոփել է արաբագետը: