Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) 34 ընտանիք դրամական փոխհատուցում է ստացել՝ 1 քմ-ի տարածքի դիմաց 1100 ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:

«Անցած շաբաթ 34 ընտանիքի կանչել ու դրամական փոխհատուցում են տվել, մի քանիսին էլ տուն են տվել արդեն, մնացել են մոտ 130 ընտանիքներ: Մեծ մասի համար Գինու գործարանի մոտ կառուցված երկու 14 հարկանի շենքերում տուն կտան»,- ասաց նա:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այսկերպ ցանկանում են լռեցնել ակտիվ բնակիչներին, մեր զրուցակիցը նշեց. «Այսպես թե այնպես մեր հարցը պետք է լուծեն, թե չէ ինչքան կարող ենք վարձով ապրել այստեղ-այնտեղ»:

Այս պահին 33-րդ թաղամասում շարունակվում է շինարարությունը: Հիմքն արդեն կա, սակայն բուն շենքի շինարարությունը դեռ չի սկսվել: Փոխարենը Գինու եւ կոնյակի գործարանի մոտ կառուցվող շենքերից 2-ն արդեն ավարտման փուլում են:

Ֆիրդուսի բնակիչներից մի քանիսին օրերս ընդունել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եթե քաղաքապետն իր խոստումը չկատարի, բնակիչները հինգշաբթի նորից կհավաքվեն կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։