Ուկրաինական «Աջ հատված» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն (Սաշկո Բիլի) ինքնասպան է եղել, պնդում է Ուկրաինայի ոստիկանությունը: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկի նովինին»՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովին:

«Նա իր զենքից, որով կրակում էր նաեւ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, նույն տեղում երկու անգամ կրակել է իր վրա, որոնցից մեկը դիպել է սրտին»,-պատմել է Եվդոկիմովը:

Նա հայտարարել է, որ դիակի փորձաքննության արդյունքներով՝ Մուզիչկոն երկու հրազենային վնասվածք է ստացել ոտքին, երկու միջանցիկ վնասվածք մարմնին, եւս մեկը՝ սրտին: ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ ոստիկանների գործողություններն օրինական է համարել, բայց վերջնական եզրակացությունը կտա դատախազությունը:

Վերջին կրակոցներն արձակել է հենց Մուզիչկոն, երբ ոստիկանները նրան տապալել են գետնին եւ փորձել են ձեռնաշղթաներ հագցնել:

Սակայն «Աջ հատվածի» ակտիվիստները պնդում են, որ ոստիկանության վարկածը կեղծ է: Նրանց խոսքով՝ Մուզիչկոն եղել է կապված ձեռքերով եւ ֆիզիկապես չէր կարող կրակել իր վրա:

Սաշկո Բիլին սպանվել է մարտի 25-ի գիշերը, Ռովենի մարզում: «Աջ հատվածի» ակտիվիստները չեն հավատացել ոստիկանությանը եւ խոստացել են վրեժ լուծել  ՆԳ նախարար Արսեն Ավակովից: «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել է Ավակովի անհապաղ հրաժարականը: Վերջինս հայտարարել է, որ հասարակական կարգը խախտողների նկատմամբ խիստ պատիժներ կհետեւեն: