Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ-ի Կոնգրեսին ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Քեսաբ գյուղի ուղղությամբ ծայրահեղականների հարձակումներին օժանդակության ցուցաբերումը դադարեցնելու նպատակով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Քեսաբի հիմնականում հայ բնակչությունն այս շաբաթվա սկզբին իր դեմ ուղղված հարձակումների պատճառով եւ ջարդերից խուսափելու նպատակով ստիպված էր եղել դիմել փախուստի:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Հանձնախմբի մամուլի ծառայության համաձայն, նախագահ Օբամային հասցեագրված իր նամակում հորդորել է կարգադրել ԱՄՆ-ի արտգործնախարարին, Թուրքիայում եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպաններին, որպեսզի վերջիններս պահանջեն Թուրքիայից դադարեցնել միջսահմանային հարձակումները Քեսաբի ուղղությամբ, որոնք դարձել են խաղաղ բնակչության անմիջական էվակուացման, գյուղի բնակիչների ունեցվածքի հափշտակման եւ եկեղեցիների պղծման պատճառը:
Ըստ հաղորդագրության, անցյալ շաբաթվա վերջին օտարերկրյա ծայրահեղական զինյալները Քեսաբ գյուղի ուղղությամբ լայնածավալ հարձակում էին սկսել՝ ստիպելով գյուղի բնակիչներին փախուստի դիմել մոտակա Լաթաքիա եւ Բասիթ քաղաքներ:
Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հայտարարությամբ մամուլի համար հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:




























