Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ձեռնպահ է մնացել ԱՄՆ կողմից ռուսական ձեռնարկությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին մեկնաբանություն տալուց:
NEWS.am-ի թղթակցի հարցը, թե հնարավոր համարո՞ւմ է պատժամիջոցների կիրառումը ռուսական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք դուստր ձեռնարկություններ ունեն Հայաստանում (նկատենք, որ Հայաստանում ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություններ են գործում) դեսպանը նախընտրեց առանց մեկնաբանության թողնել:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հանդիպման ժամանակ Քերրին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ընդլայնվել, իսկ դրա համար հիմք է նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը:
Հանդիպումը կայացել է մարտի 24-ին, Հաագայում ընթացող միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում:




























