Ալեքսանդր Մուզիչկոն (հայտնի է որպես «Սաշկո Բիլի») չէր կարող ինքնասպան լինել: Այս մասին Ուկրաինայի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է նրա ընկեր, «Աջ հատվածի» անդամ Սերգեյ Պանդրակը:
Նա պնդել է, որ պատռել են Բիլիի շապիկը, որպեսզի ստուգեն՝ արդյոք զրահաբաճկոն կրո՞ւմ է: Այն անձը, որը պատռել է նրա շապիկը, հենց նա էլ կրակել է նրա սրտին: «Ես սպա եմ, ես գիտեմ, դա եղել է հսկիչ կրակոց»,-ասել է Պանդրակը:
Բիլիի մահվան պահին նրա կողքին եղել են երեք ոստիկաններ, իսկ ինքը եղել է անզեն, պնդում է Պանդրակը՝ հավելելով, որ Սաշկո Բիլիի ձեռքերին մնացել են ձեռնաշղթաների հետքերը, բայց բռնության հետքեր չեն եղել:
Սաշկո Բիլին սպանվել է մարտի 25-ի գիշերը, Ռովենի մարզում: «Աջ հատվածի» ակտիվիստները չեն հավատացել ոստիկանությանը եւ խոստացել են վրեժ լուծել ՆԳ նախարար Արսեն Ավակովից: «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել է Ավակովի անհապաղ հրաժարականը: Վերջինս հայտարարել է, որ հասարակական կարգը խախտողների նկատմամբ խիստ պատիժներ կհետեւեն:
Մինչ այդ Ուկրաինայ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Մուզիչկոյի նկատմամբ՝ Շամիլ Բասաեւի հետ կապեր ունենալու կասկածանքով: Բասաեւը «Իչկերիայի Հանրապետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվ մասնակիցն է ու առաջնորդը:




























