Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին մարտի 25-ին նշվեց Խոսքի ազատության օրը, պարգևներ շնորհվեցին քաղաքացիական ակտիվիստներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, ովքեր նախորդ տարվա ընթացքում լավագույնս են օգտագործել իրենց խոսքի ազատության իրավունքը:
Քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար պարգեւատրվեց նախորդ տարվա նոյեմբերի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ու մինչեւ հիմա կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանը, որի փոխարեն պարգեւը ստանացավ նրա որդին: Քաղաքացիական դիրքորոշումը հետեւողական արտահայտելու համար ֆեյսբուքյան հրապարակումների համար պարգեւատրվեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Իսկական մտավորականի դիքորոշման եվ հրապարակախոսության համար պարգեւատրվեց արձակագիր, այս տարվա հունվարի 8-ին վախճանված Լեւոն Խեչոյանը, անաչառ հրապարակախոսության համար՝ լրագրող Լուսինե Հովհաննիսյանն ու այլք:




























