Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասահմանադրական է ճանաչել:
Դատավորները հայտնել են, որ ըստ Իսպանիայի Սահմանադրության, երկրի առանձին շրջանը չի կարող միակողմանիորեն ինքնորոշման հանրաքվե հայտարարել, եւ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը հակասահմանադրական են համարել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Կատալոնիայի խորհրդարանը 2014 թ. հունվարին կողմ էր քվեարկել ինքնավար մարզի առանձնանալու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:
Մարզի անկախութան կողմ է «Սերտացում եւ միություն» իշխող դաշինքը, որը գլխավորում է մարզի վարչապետ Արթուր Մասը: Մասն ավելի վաղ պնդել էր, որ Մադրիդի կողմից հանրաքվեի անցկացումը մերժելու դեպքում քվեարկությունն անցկացվելու է իրազեկման սահմանված ընթացակարգով:
Ըստ սոցհարցումների` հանրաքվեի գաղափարն աջակցում է կատալոնցիների 80 տոկոսը, իսկ մարզի անկախությանը կողմ է բնակչության կեսը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները որպես փաստարկներ են ներկայացնում ինքնավարության լեզվական եւ մշակութային տարբերությունները, ինչպես նաեւ մարզի բարենպաստ տնտեսական պայմանները:




























