«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Խորհրդարանական հերթական քառօրյան չափազանց բուռն սկսվեց։ Ըստ որում մարտականորեն է տրամադրված ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարությունը։
«Փամփուշտները չխնայել» հրաման առայժմ չի տրվել եւ, հուսով ենք, չի տրվի։ Բայց այ, «հանում ենք ձեռնոցները, պարոնայք» հրամանն արդեն ձեւակերպված է, բոլորի կողմից լսված։ Կարծում ենք, ներկայիս իրավիճակը չի կարող ավարտվել «աղմկեցինք, վիճեցինք, ցրվեցինք, մոռացանք, շարունակեցինք ապրել» բանաձեւով։ Կողմերից մեկը պիտի պարտվի եւ ամենատպավորիչ կերպով կորցնի դեմքը։
Պատկերն իսկապես ուշագրավ է։ Ռինգի մի անկյունում պատգամավորներն են, որոնց մասին մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է ասել, թե օժտված են իսկական լորդի ու ջենտլմենի հատկանիշների հավաքածուով։
Մյուս անկյունում կառավարության ներկայացուցիչներն են, որոնց մեջ հայրենիքի բարօրության մասին իսկապես հոգացողների տեսնելու հնարավորությունը ոչ ավելին է, քան ոսկոր կրծող կովի։
Պաթոլոգիա՞ է։ Գուցեեւ։ Միայն թե կցանկանայինք նաեւ պարզել ահա թե ինչ. ո՞վ կարող է այսօր Հայաստանում դատել, թե ինչ բան է պաթոլոգիան, եթե նորմալ վիճակ ոչ ոք երբեւէ չի տեսել։ Այնպես որ՝ ավելի շուտ ջունգլիների օրենք է։ Ընդունված առաջին ընթերցմամբ։
Հետաքրքիր է, որ առանձնակի ագրեսիվությամբ քառօրյայի առաջին երկու օրերին աչքի ընկան «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները։ Հասկանալ նրանց կարելի է։ Երկար ժամանակ լինելով իշխանության մեջ՝ զրկված էին ազատագրական ճարտասանությունն օգտագործելու հնարավորությունից, մինչդեռ հոգին պահանջում էր։ Հիմա, ահավասիկ, փորձում են լրացնել բացը։ Իրենց էլ է հավանաբար հետաքրքրում, թե ո՞ր կարգավիճակում կարելի է ավելի մեծ հաճույք ստանալ։
Դեռեւս անտիկ ժամանակներից հայտնի սյուժե։ Մի անգամ Զեւսն ու Հերան վիճեցին, թե ով է ավելի մեծ հաճույք ստանում մերձեցման ժամանակ. տղամա՞րդը, թե՞ կինը։ Խնդիրը լուծելու համար կանչեցին սեռը փոխելու փորձ ունեցող Տիրեսիասին։ Ծնված լինելով որպես տղամարդ, նա մի անգամ մահակով հարվածեց զուգավորվող օձերին եւ տեղնուտեղը վերածվեց կնոջ։ Յոթ տարի անց զբոսնելով անտառում՝ Տիրեսիասը կրկին հանդիպեց զուգավորվող օձերի եւ դարձյալ հարվածեց նրանց փայտով ու անմիջապես հրաշքով կրկին փոխեց սեռը՝ նորից դառնալով տղամա՛րդ։ Օվիդիոսի խոսքերով, Տիրեսիասը հայտարարեց աստվածներին, թե կինը հաճույքից վերցնում է ինը մասը, թողնելով տղամարդուն լոկ մեկը։ Նման հայտարարության համար Հերան կուրացրեց Տիրեսիասին, իսկ Զեւսը (քանի որ աստվածության պատիժն անօտարելի էր) փոխհատուցեց այդ պատուհասը ապագան կանխագուշակելու ունակությամբ ու երկրային կյանքի յոթնապատիկ ժամկետով։
Այսինքն՝ չի կարելի բացառել նաեւ այն հնարավորությունը, որ ԲՀԿ-ն, եզրակացնելով, թե ավելի շատ հաճույք ստանում է այնուամենայնիվ իշխանության գրկում, վերադառնա այնտեղ անառակ որդու պես։ Ճիշտ է, եթե անառակ որդին վերադառնա, դա կարող է որոշակի խանդ առաջացնել ՕԵԿ-ի մեջ, բայց խնդիրները, համոզված ենք, կհարթվեն։
Եվ ընդհանրապես մեր քաղաքական դաշտը բավական հիշեցնում է գեղադիտակ. թեթեւակի թափ ես տալիս, եւ արդեն լրիվ ուրիշ նախշ է։ Միայն թե՝ գունավոր ապակու կտորտանքը, որից դասավորվում են նախշերը, մնում է առաջվանը։ Դրա համար էլ քաղաքական դաշտում ոչ մի բան եւ երբեք չի փոխվում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























