«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի մասնակցելու մարտի 28-ին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

«Մենք մարտի 28-ին ժամը 12:30-ին հավաքվելու ենք Սահմանադրական դատարանի մոտ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին չենք մասնակցելու: Բացի դրանից մեր երիտասարդներից մի քանիսը մասնակցելու են դատական նիստին»,- ասաց նա:

Դեռ պարզ չէ՝ արդյոք խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը մարտի 28-ին կմիանան «Դեմ եմ»-ին, թե ոչ:

Նշենք, որ մարտի 22-ի հանրահավաք-երթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին հրավիրեց՝ մասնակցելու իր հանրահավաքին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։