Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւան-Եղեգնաձոր (Մ-2) ավտոճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող «Մոխրոտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 18 հա, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին` մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք եւ մասամբ 300 ծառ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կորյունի փողոցի սկզբնամասում` մոտ 5000 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի մոտակայքում` 7000 քմ խոտածածկույթ եւ 5 ծառ, Չարենցավան քաղաքի Նելտոնյան փողոցի «Ձուլակենտրոն» գործարանի տարածքում` մոտ 1 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում` մոտ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Թոռ գյուղի «Լվիս» կոչվող հանդամասում` մոտ 19 հա, Մալիշկա գյուղի շուկայի մոտակայքում` մոտ 1000 քմ, Գնիշիկ եւ Խաչիկ գյուղերի միջեւ ընկած «Թիադարա» կոչվող հանդամասում` մոտ 50 հա, «Նորավանք» տանող ճանապարհի մոտակայքում՝ մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:
Երեւանի Կուրղինյան փողոցի մոտակայքում` Դալմայի այգիներում, այրվել է մոտ 1000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




























