Ռուսական իշխանությունները 2011թ. ՀԴԲ-ին հայտնել էին Թամերլան Ցարնաեւի հանդեպ ունեցած կասկածները, որը մեղադրվում է Բոսթոնի մարաթոնում ահաբեկչության կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է NBC News-ը:

Վկայակոչելով Կոնգրեսի զեկույցը, որը Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովը կներկայացնի արդեն հինգշաբթի օրը, հեռուստաընկերությունը հայտնել է, որ ՌԴ ԱԴԾ-ն ՀԴԲ-ին նամակ է ուղարկել, որում նախազգուշացրել է, որ տվյալներ ունի իսլամիստ գրոհայինների հետ Ցարնաեւի կապերի մասին:

Ըստ հեռուստաընկերության՝ ՀԴԲ-ն նույն ամսին Ցարնաեւի գործունեության հետաքննություն է սկսել, որն անցկացրել է ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը:

Ցարնաեւը հարցաքննվել էր եւ ներառվել Մաքսային եւ սահմանային ծառայությունների բազայում, եւ ամեն անգամ երբ նա հատեր ԱՄՆ-ի սահմանը, նախազգուշացում էր տրվելու:

Բայց 2011-ի հունիսին հետաքննությունը դադարեցվել էր, քանի  որ եզրակացրել էին, թե Ցարնաեւը կապ չունի ահաբեկիչների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով  NBC-ն: Կոնգրեսի հետաքննությանը մոտ կանգնած NBC-ի աղբյուրները հայտնել են, որ դրանից հետո Ցարնաեւին կրկին ներառել էին տվյալների  բազայում, բայց այս անգամ նրա ազգանունը այլ կերպ էր գրվել (Tsarnaev-ի փոխարեն  Tsarnayev):

Տվյալների բազայում ներառելը ուղեկցվել է նշումով, որ Ցարնաեւի՝ սահմանը հատելու փորձի դեպքում նրա ձերբակալումն «անպայման» էր:

 2012-ի հունվարին Ցարնաեւը ժամանալ էր Նյու Յորքում Ջոն Քենեդի անվան օդանավակայան՝ Մոսկվայի չվերթով թռչելու, եւ համակարգը նախազգուշացում էր տվել: Սակյն պարզվել է, որ այդ օրը տվյալ օդանավակայանող ճամփորդողների ՝ 100 հոգուց բաղկացած «թեժ ցուցակում» նա առաջատար դիրք չէր զբաղեցնում: Այս մասին NBC-ին են հաղորդել աղբյուրները, որոնք ծանոթ են զեկույցին:

ԱՄՆ ներկայացուցիչներն ասում են, որ, հնարավոր է, հենց թռիչքային փաստաթղթերում ազգանվան սխալ գրությունը հանգեցրել է նրան, որ իրավապահները չէին նախազգուշացվել նրա տեղափոխության մասին:

Հիշեցնենք, որ նախրդ տարվա ապրիլի 15-ին բոսթոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ էին որոտացել, որոնց արդյունքում սպանվել էր երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան 260: Դրանից օրեր անց Ցարնաեւը սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Ավելի ուշ  նրա եղբորը վիրավորել ու ձերբակալել էին: Ներկայումս նա սպասում է իր դատավճռին, որի կայացումից հետո Ցարնաեւին կարող են մահապատժի ենթարկել: