Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցություն իր բողոքի եւ դատապարտումի կոչերով միանում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, որոնք արդարացիորեն ընդվզում են եւ խորը մտահոգությամբ հետեւում պատմական Քեսաբի ու քեսաբահայության ճակատագրին:

Կուսակցության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Անժխտելի փաստ է, որ, առանց թուրքական իշխանությունների ուղղակի եւ անուղղակի մասնակցության, Քեսաբը հակամարտության թատերաբեմ չէր դառնա, ստիպելով մեր հայրենակիցներին, որ կրկին բռնեն տարագրությանն ճամփան:

Միակ սփոփելի երեւույթը այն է, որ առանց մարդկային կորուստների նրանք կարողացել հասնել ապահով վայրեր: Այսուհանդերձ, պետք է գիտակցել, որ ծանր օրեր են սպասում մեր հայրենակիցներին եւ նրանք բարոյական եւ նյութական օգնության կարոտ են:

Առ այդ, կոչ ենք անում մեր հայրենակիցներին կրկնապատկել իրենց ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան հաղթահարել այդ ծանր փորձությունները:

Անհրաժեշտ է, որ համայն հայությունը գործի միասնական ու համախմբված ջանքերով, որպեսզի առավելագույնս կարողանանք օգտակար հանդիսանալ մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին»: