Երեւանում մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի:

Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի  ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաեւ  «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երեւանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են  քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը եւ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են  նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված  90 կայանատեղերից   հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ  նպատակահարմարության,  ընտրվել  է  35-ը, ինչը հաստատվել է Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Կայանատեղերի  կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարորդների անունից շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին` խնդրին ականջալուր լինելու եւ օպերատիվ արձագանքելու համար: