Ռուսաստանը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր թշնամին չէ, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հերքելով նախագահի նախկին թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնիի խոսքերը: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել Հաագայում՝ Միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովի վերջին օրվա ընթացքում:

Ամերիկացի նախագահի եւ գագաթաժողովը հյուրընկալած Նիդերլանդների վարչապետի ամփոփիչ ասուլիսում  լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններին:

«Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություն է, որը սպառնում է իր որոշ հարեւաններին», – հայտարարել է Օբաման ու հավելել. «Սակայն դա թուլության դրսեւորում է, ոչ թե ուժի»:

Ընդհանուր առմամբ, գագաթաժողովի ամփոփիչ օրը նվիրված էր միջուկային ընդհանուր անվտանգության ապահովմանը: Ավելի վաղ մասնակից 30 երկրներ պայմանավորվել էին ռադիոակտիվ նյութերի պահպանման անվտանգությունը ուժեղացնելու լրացուցիչ միջոցների մասին:

Պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու, վստահության միջոցներն ամրապնդելու, գաղտնի տեղեկությունները պահպանելու եւ ԱԷՄԳ-ի հետ ուժեղացված գործակցության նախաձեռնությանը միացել են 33 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

Սակայն կա երկու խնդիր. Առաջինը՝ այս պայմանավորվածությունն իրավաբանորեն պարտադիր չէ, այլ հիմնված է երկրների բարի կամքի վրա: Երկրորդ՝ Ռուսաստանը, որը աշխարհում ամենահզոր միջուկային զինանոցն ունի, հրաժարվել է միանալ դրան, հայտնում է Euronews-ը: