«Տոնուս» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած քաղաքացիները, որոնց մարտի 12-ին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը խոստացել էր պատասխանել 10 օրվա ընթացքում, դեռ սպասում են պատասխանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից տիկին Աննան:

«Հովհաննես Հովսեփյանը խոստացել էր 10 օրվա մեջ պատասխան տալ, բայց դեռ ոչինչ մի նորություն չունենք: Չեմ հասկանում՝ ինչքան կարող է տեւել այս ամենը: Մեր հարցը կարող է լուծել միայն Արցախբանկը, բայց ինքն էլ ոչինչ չի անում»,- բորբոքված ասաց նա:

Բնակիչները պատրաստվում են առաջիկա օրերին ժողով անել հասկանալու համար իրենց հետագա անելիքները: Հնարավոր է, որ «Տոնուսի» խաբված բնակարանատերերը հինգշաբթի օրը նորից հավաքվեն կառավարության մոտ:

«Մարտի 12-ին գնացինք նախագահի նստավայր, բայց վախեցավ ու դուրս չեկավ, իսկ Հովսեփյանն էլ խոստանալով, համոզելով մեզ հեռացրեց նախագահի նստավայրի մոտ: Իբր մինչեւ մարտի 25-ը պիտի հստակ պատասխան տար մեզ, բայց ինչքան կարող են մեզ խաբել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2006 թ. 150  բնակիչներ պայմանագիր են կնքել «Տոնուսի» ՍՊԸ-ի հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքի նորակառույցում բնակարաններ ստանան։ Ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ: