Գվինեայում իշխանությունները բնակչությանը ժամանակավորապես արգելել են այդ երկրում բավական տարածված մթերք հանդիսացող չղջիկների միսն ուտելը՝  Էբոլայի համաճարակի  բռնկման պատճառով:

Հենց այդ կենդանիներն են վարակի ամենավտանգավոր տարածող համարվում:

Իշխանությունները նաեւ բնակչությանը կանխարգելիչ քայլերի մասին են իրազեկում:

Էբոլայի համաճարակը Գվինեայի հարավում 60 մարդու կյանք է  խլել: Միանգամայն հավանական է, որ հիվանդությունն անցել է նաեւ հարեւան երկրներ: Լիբերիայում նման ախտանիշներով հիվանդացության 6 դեպք է հայտնաբերվել՝ հիմնականում Գվինեայից գնացածների մոտ: Սիերա Լեոնեում եւս դեռահաս է մահացել, ենթադրվում է՝ Էբոլայից: Մալիի սահմանին ժամանողների բուժզննում է իրականացվում, հայտնում է Euronews-ը:

Էբոլայի վարակն առաջին անգամ գրանցվել էր 1976թ:  Դրա  դեմ պատվաստանյութ առայժմ չկա: Հիվանդությունը վարակիչ է ու խիստ վտանգավոր. հիվանդների 90%-ը մահանում են: