Շիրակի մարզի Ողջի գյուղում ինքնասպանություն գործած 12-րդ դասարանի աշակերտ Կարո Կիրակոսյանը մի քանի ամսից պետք է բանակ գնար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ողջիի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ գյուղում բոլորը ցնցված են Կարո Կիրակոսյանի ինքնասպանություն գործելու լուրից, անհայտ են մնում այդ արարքի պատճառները:
Գյուղապետն ասաց, որ ընտանիքում երկու եղբայր են եւ մեկ քույր, եղբայրն ու քույրը ամուսնացած են, իրեն էլ պետք է 1-2 ամսից բանակ տանեին: «Ինքն էլ ուժեղ տղա, առավոտ վեր էր կենում, սպորտով էր զբաղվում, դպրոցում էլ վատ չի սովորել, ընտանիքն էլ ընտիր ընտանիք է, մերը, հերը իրար հետ սիրով, միջին ապրող մարդիկ են, տնտեսություն ունեն, սոված չեն մնացել, ոչ էլ պարտքեր ունեն. Նորմալ ապրում էին: Բոլորիս համար հարցական է, թե ինչի պիտի նման քայլի գնար: Կարող է՝ բանակն է իրեն վախեցրել, չենք հասկանում, սիրած աղջիկ էլ չի ունեցել»,- ասաց գյուղապետը:
Հրաչիկ Մանուկյանն ասաց, որ դեպքի նախորդ օրը հոր, մոր հետ հեռուստացույց են նայել, ամեն ինչ նորմալ էր, հետո գնացել են քնելու, իսկ առավոտյան թոնրատանը հայտնաբերել են նրան՝ կախված վիճակում: «Ինչ, որ եղել է, եղել է գիշերը 3-4-ի կողմերը, ոչ թուղթ է թողել, ոչ մի բան: Ոչ ծխում էր, ոչ խմում, շատ խելոք երեխա էր, հորը ասում էր՝ տրակտոր առ, քշեմ, հերիք չէ էսպես ապրենք, անասունը շատացնենք, որ վիճակներս լավացնենք: Հարցականներ շատ կան»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ողջի գյուղում, մարտի 24-ին նույն գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարո Կիրակոսյանը ինքնասպան է եղել: Ծնողները նրան վաղ առավոտյան հայտնաբերել են թոնրատանը` առաստաղից կախված վիճակում: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատճառով է աշակերտը նման քայլի դիմել:
Նշենք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:




























