2014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաեւ Գայի պողոտայի եւ Ջրաշխարհի հարեւանությամբ գտնվող զբոսայգին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս 2013թ. հոկտեմբերին Երեւան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու եւ կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն եւ կվերանորոգվեն նաեւ այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները:
Երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթեւ կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաեւ շատրվան եւ ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաեւ հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար:
Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլեւ նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ եւ կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման եւ կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին:




























