Հայաստանի իշխանությունները շարունակում են իրականացնել արտագաղթը խրախուսող քաղաքականություն, որի տարրերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է` հակառակ հասարակության կամքի: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այն համառությունը եւ խուլ անտարբերությունը հանրային կարծիքի հանդեպ, որ դրսեւորում է կառավարությունը, կարծիք է ձեւավորում, որ իրականացվում է միտումնավոր եւ թելադրվող քաղաքականություն: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ից ստացված այս համակարգի ներդրումն ապահովող 128 մլն դոլար տրանշի եւ նրա առանձնահատկությունները մեզ «լուսավորելու» համար 145 հազար դոլարի մասին է:

Իշխանությունները, անկասկած, գիտակցում են, որ այս «բարեփոխումը» մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլեւ լրջորեն հարվածում է մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները:

Չնայած հնչող բացատրություններին եւ հավաստիացումներին, ակնհայտ է, որ կառավարության որեւէ փաստարկ չի դիմանում քննադատության: Բանը հասել է նրան, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները խճճվել են իրենց իսկ «բացահայտումներում»: Մեկ ասում են` կառավարությունը չի տնօրինելու կուտակված գումարները, մեկ` «երկար փողերը» ներդրվելու են տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, մեկ էլ, թե` երիտասարդ աշխատողներից «առգրավված» փողերը օգնելու են թոշակներն այսօր բարձրացնելու գործընթացին: Հիմա ո՞րն է ճշմարտությունը, պարոնա՛յք:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է`

• անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող «բարեփոխումը»,

• իշխանությունների քաղաքականությունը ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բեւեռվածությունը եւ տիրող անվստահության մթնոլորտը,

• անընդունելի եւ անօրինական է համարում պետական հիմնարկներում եւ կառույցներում իրականացվող ակնհայտ ճնշումները աշխատակիցների վրա` մինչեւ ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ,

• անթույլատրելի է համարում նաեւ ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումները,

• պահանջում է իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ ՍԴ որոշումը,

• հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը եւ վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի,

• իր անդամների, համակիրների եւ իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից աջակցում է «Դեմ եմ» նախաձեռնող խմբի հետեւողական եւ համախմբված պայքարին,

• կոչ է անում Սահմանադրական դատարանին անտեսել առկա ճնշումները եւ իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն եւ կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Օրենքը հանուն քաղաքացու է եւ ոչ երբեք նրա դեմ»: