Վերջին ժամանակներս Հայաստանի կառավարության անդամները օգտագործում են այնպիսի բառապաշար, որը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց պատիվ չի բերում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, որն ընդդիմության հասցեին անպարկեշտ արտահայտություն էր թույլ տվել, իսկ հետո նրան հետեւեցին մյուսները:
«Իսկ երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ»,-նշել է պատգամավորը:
Ի պատասխան սրա խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նման հարցերը պետք է կարգավորվեն եւ քննարկվեն երկու կողմերից: «Ճիշտ չեմ համարում նման բառերի օգտագործումը, դա անցանկալի երեւույթ է»,-հավելել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























