Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից դատապարտել եւ կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ՀՅԴ Երիտասարդական միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսեւորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավ...որումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից եւ ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից եւ 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջեւ:
Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով եւ թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները եւ ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել եւ կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան եւ միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։ Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը եւ հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու եւ նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։
Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թեւերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջեւ անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ»:



























