«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 28-ին ստեղծելու է միասնական հրապարակ, որտեղ միավորվելու են բոլոր այն քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, որոնք պատրաստվում են վերջ դնել երկրում ստեղծված այս հակասահմանադրական իրավիճակին: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Միասնական հրապարակի ստեղծումն այս պայմաններում առավել եւս ակտուալ է, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո եւ այս շրջանում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ծագել են խնդիրներ, ինչպիսին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ մեր դիրքորոշումն է, որն ունակ է ազդելու ղարաբաղյան հիմնահարցի լուծման վրա, իսկ Ադրբեջանը հաստատ կօգտվի այս հնարավորությունից, կարծում եմ, որ միասնական հրապարակի ստեղծումը հրատապ է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Կուսակցության անդամը նաեւ անդրադարձավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին չմասնակցելու որոշմանը:
«Մեր հանրային միջոցառումը չի նշանակում, որ ուղղված է կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին միայն: Մենք միասնական օրակարգ ստեղծելու առաջարկ ենք անում: Բայց եթե «Դեմ եմ»-ը հորդորում է խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերին լռել եւ չխոչընդոտել գործի քննությանը, մենք ամենայն հավանականությամբ այդպես էլ կանենք»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Լրագրողների հարցին` այնուամենայնիվ ինչ ձեւաչափով է լինելու հանրահավաքը, «Ժառանգության» ներկայացուցիչը փակագծերը չբացեց` հայտնելով, որ դեռ ոչինչ որոշված չէ:
Նշենք, որ մարտի 28-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Կուսակցության առաջնորդը հավաքին հրավիրել էր նաեւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը, սակայն շարժումը որոշել է չմասնակցել եւ լուռ ակցիա անել Սահմանադրական դատարանի առջեւ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























