ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում հայոց լեզվի արագացված դասընթաց անցկացրեց պատգամավորների համար։

«Հարգելի պատգամավորներ, հայերենում  չկա «ընձեռնել» կա «ընձեռել» բառ, «նամանավանդ» բառ այս խորհրդարանում մի կիրառեք, կա «մանավանդը»։  Գոյություն չունի «ըստ ինձ» արտահայտությունը, օգտագործեք խնդրում եմ «ըստ իս» տարբերակը, շատ- շատ է կիրառվում խորհրդարանում «ամենալավագույն» արտահայտությունը, որը գոյություն ունենալ չի կարող, «լավագույնը» ամբողջովին արտահայտում է  իմաստը։ Շատ է օգտգործվում «գրանցվել են 108 պատգամավորներ» արտահայտությունը,  մինչդեռ երբ որ ասում ես թիվը, դա արդեն հոգնակի է եւ պետք է ասել «108 պատգամավոր»,- ասաց Ա. Մանուկյանը։

Պատգամավորը, արագացված դասընթացի շրջանակներում, նաեւ տեղեկացրեց գործընկերներին, որ հայերենում չկա «ես հույսով եմ» արտահայտությունը, պետք է ասել՝ «հուսով եմ»։

Պատմական ակնարկ անցկացնելով՝ Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ խորհրդարանի պատմության մեջ «ամենամաքուրը» խոսում էր Պարույր Հայրիկյանը, սակայն բառապաշարի հարստությամբ առաջատարը Լեւոն Տեր Պետրոսյանն է: «Լեզվին պետք չէ վերաբերել միայն որպես հաղորդակցության միջոցի, այն նաեւ ազգային անվտանգության հարց է»,- եզրափակեց խոսքը ՀԱԿ պատգամավորը: