Քեսաբի հայությունը չի ցանկանա իր առանձնատները թողնել ու բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին այսօր` մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ԼՂՀ-ի հայտարարությանը, թե ղարաբաղցիները հնարավոր է` խմբավորումներ ստեղծեն եւ մեկնեն` օգնելու Քեսաբի հայությանը:

«Հստակ գնահատական տալ չեմ կարող, բայց մի՞թե Սիրիան թույլ կտա, որ հայկական խմբավորումները մտնեն իրենց երկիր ու պայքարեն ծայրահեղ իսլամիստների եւ վարձու մարդասպանների դեմ»,- ասաց նա:

Լրագրողների հարցին` ինչքանով է հնարավոր որ քեսաբահայությունը տեղափոխվի Լեռնային Ղարաբաղ, Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց. «Իսկ մի՞թե Քեսաբի հայերն իրենց առանձնատները կթողնեն ու կգան Ղարաբաղում ապրելու: Այնպես ոնց որ սիրիահայերն արեցին. Եկան Հայաստան ու այստեղից էլ արտագաղթեցին, նույն կերպ էլ քեսաբահայերը կվարվեն»:

Դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղում այսօր սիրիահայեր են ապրում, «Ժառանգության» անդամը թերահավատորեն նշեց, որ այդպիսի ընտանիքներ շատ քիչ են:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա: