Նորակառույց շենքերում բնակարաններ ստանալու խոստումով տասը տարի առաջ իրենց տներից դուրս եկած Ամիրյան փողոցի բնակիչները երկար տարիների քաշքշուկից հետո երկու տարի առաջ բնակարաններ են ստացել 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեների կիսակառույց շենքերում, որտեղ բնակվելն այս պահին անհնար է։ Նրանք այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին գնացել՝ պահանջելու լուծում տալ իրենց խնդրին եւ վերադարձնել, իրենց խոսքով, պետության կողմից խլված իրենց բնակարանները (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ին հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ 2004-2005թթ, երբ իրենք բնակվում էին երկհարկանի աղյուսաշեն տներում, իրենց դուս են հանել բնակարաններից՝ ասելով, որ շենքը քաղաքի տեսքը գցում է, իրենք պայմանագիր են կնքել կառուցապատող Մելիք Գասպարյանի հետ 2007թ. նոր բնակարաններ ստանալու պարտավորությամբ եւ դուրս եկել իրենց տներից։ Մելիք Գասպարյանը, սակայն, շուտով մահացել է։
«Մենք ամոթից դրդված մեկ տարի ոչինչ չարեցինք։ Սպասեցինք՝ մարդկանց սուգը անցնի։ Մեկ տարի հետո դիմեցինք դատարան՝ վախենալով, որ պայմանագիրը կդառնա անվավեր։ Մեզ ստիպեցին ապօրինի պայմանագիր կնքել՝ անժամկետ պայմանագիր ֆինանսների նախարարության հետ»,- պատմեցին բնակիչները։ Նրանց խոսքով՝ այս ընթացքում իրենք բողոքել են բոլոր ատյաններում։ 2012թ. մարտի 31-ին նրանց հայտնել են, որ իրենց բնակարաններն արդեն պատրաստ են. «Գնացինք, տեսանք՝ պատերի կեսը չկա, կոյուղի չկա, պատուհաններ չկան, շենքը պատրաստ չէ շահագործման, եւ հնարավոր չէ այդ շենքում ապրել»։
Բնակիչները չգիտեն՝ ումից պահանջել իրենց բնակարանները։ Մելիք Գասպարյանի մահից հետո չգիտեն՝ ով է նոր կառուցապատողը, ստիպված զանգահարում են նրա կնոջը, որն ասում է, որ դրանք իր շենքերը չեն, «ինչ-որ պաշտոնյայի են»։ Բնակիչները տեղեկություն ունեն, որ շենքերի սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդին է, սակայն ապացույց չունեն, եւ չեն կարող կոնկրետ մեկին դիմել։
«Արդեն սկսել ենք մեր շորերը վաճառել, որ կարողանանք մեր վարձակալած բնակարանների վարձը տալ»,- ասում են բնակիչները։
Այսօր նրանք նամակ հանձնեցին նախագահի նստավայր՝ նամակների բաժին, որտեղից խոստացան ուսումնասիրել խնդիրն ու արձագանքել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











