Սյունիքում գերմանական սարքավորումներով հագեցած հատիկային կերերի ձեռնարկությունը շարք կմտնի մինչեւ տարեվերջ եւ կարտադրի տարեկան 2500 տոննա եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր: Այս մասին նշվել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարտի 25-ին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ:
Այդ արտադրանքը ամբողջությամբ կբավարարի համակցված կերերի պահանջարկը մարզում եւ մեծապես նպաստելով մարզի անասնապահության զարգացմանը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում նախարարը ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:
Այստեղ արտադրվում են Լոռի եւ Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից մթերվող մեկ տոննա կաթ: Առաջիկայում նախատեսվում է կաթի վերամշակման ծավալները հասցնել 2-3 տոննայի, ընդլայնել արտադրանքի տեսականին:
Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն է եղել, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչեւ տարեվերջ, կունենա 200 գլուխ մայրակազմ եւ տարեկան կարտադրի 300 տոննա միս:
Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ (կերի արտադրությունից մինչեւ սպանդանոց) ունեցող համալիրի սարքավորումները ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաեւ լավագույն ցեղատեսակների մայրական կազմը: Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30 մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում կգործարկվի առաջին անգամ:
Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը մասնակցել է մակխորհրդի նիստին, իր ելույթում ամփոփիչ անդրադարձ կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ համարել այն հանրապետության եւ Սյունիքի մարզի համար, խոսել պետական օժանդակման այն ծրագրերի մասին, որոնց, ինչպես նաեւ մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:
Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների իրականացման մասին, նշելով պետական օժանդակման ծրագրերի շարունակելիությունը, որով գյուղացին կրկին հնարավորություն ունի մատչելի գներով ձեռք բերել բարձրորակ սերմացու, պարարտանյութ ու դիզելային վառելանյութ:
Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությանը, հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաեւ մարզի ռազմավարական նշանակությունը:
Առանձնապես կարեւորվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որով մարզի մի շարք համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի եւս 7 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում, նման համայնքների թիվը հասցնելով 18-ի:
Հանդիպման ավարտին նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգեւատրել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին եւ Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքից այգեգործ Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության եւս 9 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:



























