Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը համաշխարհային գերտերությունների համար նոր լուրջ պատճառ դարձավ մեր երկիրը որպես երկրորդական դիտարկելու համար: Այս մասին մարտի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է 1994 – 1997թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ին չի զարմացրել ուկրաինական դեպքերի հարցում Հայաստանի դիրքորոշումը, քանի որ մեր երկրում այլեւս անկախ քաղաքականություն չի տարվում: Անդրադառնալով ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ նա ընդգծել է. «Ճիշտ չէ գերտերությունների քաղաքականությունը միջազգային իրավունքի սկզբունքներով բացատրելը: Սկզբունքները գերտերությունների համար չեն, դրանք թույլ պետություններին են պետք», - նշել է Լիպարիտյանը:
Հիշեցնենք, մարտի 19-ին Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց էր կայացել։ Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:



























