Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան դադարեցնի քաղավիացիայի թռիչքների անվտանգությանը սպառնացող գործողությունները: Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է «Աերոֆլոտի» օդանավերի անձնակազմերին օդանավը լքելն արգելելու հետ կապված:
«Մարտի 25-ին Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն է ուղարկվել ՌԴ ԱԳՆ-ի կրկնակի նոտան»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչությանը:
ԱԳՆ-ում բացատրել են, որ «Աերոֆլոտից» ստացված տեղեկություններով, «Ուկրաինայի սահմանային պետական ծառայությունը ռուսական փոխադրողի օդանավերի անձնակազմին արգելում է լքել օդանավը՝ թռիչքից հետո հանգստանալու նպատակներով, ինչը խախտում է թռիչքների անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային ակտերի դրույթները»:
Նման քայլերը ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային քաղավիացիայի թռիչքների անվտանգության պահպանմանն ուղղված պահանջներին, նշել են գերատեսչությունում:
«Ռուսական կողմը պնդում է, որպեսզի ուկրաինական կողմը վերջ տա անպատասխանատու պրակտիկային, որը վտանգի տակ է դնում քաղավիացիայի թռիչքները», - հավելել են ռուսական ԱԳՆ-ում:




























