Արդեն երրորդ անգամ Քեսաբի հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Երկու անգամ նրանք վերադարձել են, եւ այս անգամ նրանք նույնպես կվերադառնան: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հալեպի հայ համայնքի «Հալեպի ազգային իշխանություն» կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը:
Նրա խոսքով՝ Լաթաքիայում ապաստանած հայ փախստականները կտնվում են Սիրիայի պետական մարմինների հոգածության ներքո: «Արվում է հնարավորը, որպեսզի փախստականները լավ պայմաններում գտնվեն, բայց հասկանալի է մարդկանց հոգեկան վիճակը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տներն ու խաղաղ կյանքը»,-ասել է Յուզբաշյանը:
Իր հերթին՝ «Հալեպի ազգային իշխանության» մեկ այլ ներկայացուցիչ՝ Ներսես Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քեսաբի հայերը կկարողանան հայրենիք վերադառնալ, միայն պարտադիր չէ մոտ ժամանակներս: Միաժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայի պետությունը առավելագույնս կատարում է իր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:




























