Սիրիահայերի խնդիրների լավագույն լուծումը նրանց Հայաստանում կամ Արցախում վերաբնակեցնելն է: Այս մասին մարտի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է 1994 – 1997թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը՝ անդրադառնալով Քեսաբի դեպքերին:
Ըստ նրա, սակայն, այլ հարց է՝ հնարավոր է դա, թե ոչ, որքանով ենք մենք պատրաստ դեպքերի նման զարգացմանը: «Ինձ համար ամենակարեւորը մարդկանց կյանքը փրկելն է, որոշ չափով նաեւ՝ նրանց ոչ շատ մեծ ունեցվածքը», - նշել է Լիպարիտյանը եւ հավելել, որ Մերձավոր Արեւելքում հայկական կուսակցական կառույցները, սեփական շահերից ելնելով, ինստիտուցիոնալ են մտածում, ինչը խոչընդոտում է նրանց պետական եւ ազգային մտածողությանը: «Ի՞նչ են նրանք անեու, եթե հայկական համայնքներ չլինեն: Այն, որ նրանք չեն ցանկանում ընդունել Մերձավոր Արեւելքում հայությանը սպառնացող վտանգի աստիճանը, ամենավտանգավորն է», - ընդգծել է Ժիրայր Լիպարիտյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական «Ջեբհաթ Ան Նուսա» ահաբեկչական խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման էին անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում։ Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման էին անցել Թուրքիայի տարածքից։




























