ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների աշխատանքային թույլտվության ժամկետը մինչեւ երեք տարի երկարացման մասին ռուս-տաջիկական համաձայնագրի արձանագրությունը:
Փաստաթուղթը ստորագրվել էր 2013թ. հոկտեմբերի 29-ին Մոսկվայում, եւ ուղղված է միգրացիոն ոլորտում հետագա համագործակցության զարգացմանը: Արձանագրության համաձայն՝ Տաջիկստանից աշխատանքային միգրանտներին ընձեռնվելու է երեք տարով աշխատանքի թույլտվություն ձեւակերպելու հնարավորություն:
Ընդ որում՝ աշխատանքի թույլտվությունը հիմք է՝ ընդունող պետության տարածքում աշխատողի մնալը երկարացնելու համար՝ առանց տվյալ երկրի սահմաններից դուրս գալու:
Միջազգային հարցերով ԴԽ-ի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովն ընդգծել է, որ արձանագրության վավերացումը թույլ կտա Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների եւ Տաջիկստանում Ռուսաստանի քաղաքացիների համար ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծել, որը երկկողմ համագործակցության առաջնահերթություններից մեկն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























