Հայաստանի համար ամոթ է տոմատի մածուկ գնել արտասահմանից: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանն ապահովում էր ողջ ԽՍՀՄ-ի տոմատի մածուկի ավելի քան 20 տոկոսը: «Այն առանձնանում էր եւ համային ցուցանիշներով, եւ ապրանքային տեսքով, մուգ կարմիր գույնով: Իսկ հիմա մենք պայքարում ենք լոլիկի եւ կարտոֆիլի վնասատուների դեմ: Պետությունը դեռեւս վերջնականապես չի լուծել այս խնդիրը»,-ասել է Բերբերյանը:

Նա նկատել է, որ կարտոֆիլը նույնպես հեռանկարային արտահանման համար, որքան ծիրանն ու լոլիկը: «Մեր նախալեռնային գոտին կարտոֆիլի արտադրության գոտի է: Այնտեղ կան հրաշալի պայմաններ, որոնք չկան հարեւան երկրներում: Մենք կարող ենք կարտոֆիլ արտահանել ոչ միայն հարեւան երկրներ, այլ նաեւ Ռուսաստան»,-ամփոփել է Բերբերյանը: