Հայաստանը պետք է դատապարտի հայաբնակ Քեսաբի դեպքերի հետ կապված Թուրքիայի գործողությունները եւ այդ հարցը միջազգային կառույցներում բարձրացնի: Այս մասին մարտի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել են Հալեպի հայ համայնքի «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչներ Կարո Յուզբաշյանը եւ Ներսես Սարգսյանը՝ ընդգծելով, որ այս անգամ Սիրիայի դեպքերում  թուրքական գործոնն առավել քան ակնհայտ է:

Նրանք նշել են, որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա: «Մենք հստակություն չենք տեսնում հայկական իշխանությունների դիրքորոշման մեջ: Խոսվում է ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտության մասին, սակայն չի խոսվում քեսաբահայերի  կոնկրետ խնդիրների մասին, որոնք ապրում են իրենց հայրենիքում: Հայաստանի իշխանությունների հայտարարությունները մշուշոտ են, քաղաքական բնույթ չեն կրում», - կարծում են Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում ելույթ ունենալիս  նշել էր, որ քեսաբցիների  տեղահանումը 21-րդ դարում լուրջ մարտահրավեր է ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, կտրուկ քննադատել էր Թուրքիայի հակահայ  քաղաքականությունը: ՀՀ նախագահը նաեւ ընդգծել էր, որ Սիրիայում Հայաստանի դեսպանատունը փորձում է աջակցել Քեսաբի հայերին: Հայ փախստականներն ապաստանել են Լաթաքիա քաղաքում, այնտեղ են մեկնել ՀՀ խորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական «Ջեբհաթ Ան Նուսա» ահաբեկչական  խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման էին անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում։ Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման էին անցել Թուրքիայի տարածքից։