Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ մարտական դիրքում զոհված զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Մեր տեղեկություններով՝ քննության արդյունքում զորամասի հրամանատարական կազմի մի շարք ներկայացուցիչներ կենթարկվեն խիստ պատիժների, չեն բացառվում նույնիսկ պաշտոնանկությունները:
Ի դեպ, դեպքի հետեւանքով վիրավոր սպան՝ 26-ամյա Վարազդատ Զաքարյանը, դեռ գտնվում է հիվանդանոցում: Նրա հայրը՝ Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, որդուն տեսության է գնացել: Բժիշկները նրանց հայտնել են, որ Վարազդատ Զաքարյանը կարողանում է քայլել հենակների օգնությամբ, դեռ պետք է ապաքինվի: «Պիտի ապաքինվի, անցնի ծառայության, երկրորդ տարբերակ չկա, պիտի քայլի էլ, վազի էլ, հո ղզիկ չի՞»,- ասաց գյուղապետ հայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ զինվոր է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Մարտակերտի մարտական դիրքերում, զինվորը մահացել է մարտական խնդիր կատարելիս, իսկ սպան տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Մահացող զինվորը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, իսկ վիրավոր սպան 26-ամյա Վարազդատ Զաքարյանն է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով:




























