ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր՝ մարտի 26-ին, անփոփոխ թողեց  Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցն ընդդեմ ՀՔԾ-ի բավարարելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայությունը։ Կիվիրյանի բողոքը վերաբերվում էր ոստիկանների կողմից իր դեմ իրականացրած բռնությունների կապակցությամբ քրեական գործ չհարուցելու ՀՔԾ որոշմանը։

Կիվիրյանը պնդում է, որ 2013թ. օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտից իրեն բռնությամբ Կենտրոնի բաժին են բերման ենթարկել եւ ոստիկանությունում ապօրինի 3 ժամից ավելի պահել են, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է այս կապակցությամբ հարուցել քրեական գործ:

Դատավորը նիստից մոտ 30 րոպե անց դահլիճում գտնվող լրագրողներին խնդրեց անջատել տեսախցիկները, քանի որ «ինքը կաշկանդվում է», ինչն առաջացրեց Արգիշտի Կիվիրյանի վրդովմունքը:

«Թույլ տվեք՝ ես իմ դժգոհությունը հայտնեմ դատարանի ապօրինությունների վերաբերյալ»,-դատավորին դիմեց Կիվիրյանը, որը նրան հորդորեց ձայնը չբարձրացնել եւ դատարանին չվիրավորել։

Կիվիրյանը պահանջեց, որ դատարանը լրագրողներին թույլ տա կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ինչին դատավորը պատասխանեց, որ տեսանկարահանումը խոչընդոտում է իր գործունեությանը, եւ դատարանն ինքը դատի ամբողջ ընթացքը ձայնագրում է:

Մոտ 5 րոպե տեւած վիճաբանությունից հետո դատական նիստը շարունակվեց արդեն առանց լրագրողների տեսանկարահանման հնարավորության: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Քանի որ դատավորները մինչեւ վերջ չեն պատկերացնում, թե ինչպիսի որոշումներ, ինչպիսի վճիռներ պետք է կայացնեն, այդ պատճառով նրանք ամեն կերպ փորձում են, որ այդ տեսագրությունները չլինեն: Այս գործը իրականում այլ տարբերակ չուներ, քանի որ կար տեսագրություն, որտեղ երեւում է, որ  ոստիկանությունը ստում է, եւ հստակ երեւում է, որ Հատուկ քննչական ծառայությունը փոխանակ զբաղվի գործի քննությամբ եւ հարուցի քրեական գործ, զբաղված է ոստիկանությանը հովանավորելով»,- դատից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ իր դեմ քրեական հալածանքներ իրականացնելով փորձում են խոչընդոտել իր քաղաքական գործունեությանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am