Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելը կապված է ոչ թե անվտանգության խնդրի հետ, այլ Ռուսաստանից եկող սպառնալիքի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի՝ 1994 – 1997թթ գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական էլիտան տարբեր մակարդակներում ինքնախաբեությամբ է զբաղվում: «Մաքսային միությանն անդամակցելը ներկայացվում է անվտանգության տեսանկյունից: Ենթադրվում էր, որ անորոշ վտանգ կար ու ՄՄ-ին անդամակցելով այդ հարցը լուծվել է: Սակայն ո՞ր էր գնում այդ վտանգը»,-հարց է առաջադրել Լիպարիտյանը: Թուրքիայի հետ Հայաստանը նորմալ հարաբերությունների մեջ չէ, սակայն վտանգ էլ չկա, Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրել, որ ցանկացած հարձակման դեպքում նրանք մեզ կպաշտպանեն: «Իրանի կողմից եւս վտանգ չկա:
Ադրբեջանի առումով մեր առաջին ու երկրորդ նախագահները հայտարարել են, որ եթե Ադրբեջանը համարձակվի հարձակվել, հայկական զորքերը մինչեւ Բաքու կհասնեն: Վրաստանը եւս չի հարձակվի Հայաստանի վրա»,-նկատել է Լիպարիտյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը պետք է խուսափի հենց իր դաշնակցից, «քանի որ վտանգ գալիս է հենց Ռուսաստանից»:



























