Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում եւ երբեք չի հանդիսացել Ադրբեջանի մասը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության  ներկայացուցչի հայտարարությունը շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ:

 Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը բնութագրելով որպես հիմարություն՝ Դավիթ Բաբայանը խորհուրդ է տվել առաջին հերթին «արտոնագիր տրամադրել Սաֆարովին, նրան Եվրոպա ուղարկել, որպեսզի նորից բանտ նստեցնեն, քանի որ հանցագործների տեղն այնտեղ է»:

Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ԼՂՀ քաղաքացիները սեփական անձնագիրն ունեն: Ինչ վերաբերում է ՀՀ անձնագրերի օգտագործմանը, ապա դա  ինքնակամ, բայց հարկադրված միջոց է արտաքին աշխարհի հետ շփվելու համար: «Հայաստանի կողմից ԼՂՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը  եւս մեկ վառ ապացույց է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ ԼՂՀ-ն ճանաչվի միջազգային հանրության կողմից, Հայաստանի անձնագրերի օգտագործման անհրաժեշտությունը կվերանա, եւ ԼՂՀ քաղաքացիները կճամփորդեն սեփական անձնագրերով:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել «անձնագրեր եւ մուտքի արտոնագրեր տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»: «Շենգենյան արտոնագրերի տրամադրման խնդրանքով Լեռնային Ղարաբաղի՝ հայկական ծագում ունեցող բնակիչների դիմելու դեպքում Բաքուն պատրաստ է նրանց օգնություն ցուցաբերել, ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիներին»,- ասել էր նա: