Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում կանանց միամսյակի շրջանակում նախարար Արմեն Աշոտյանը մի խումբ կին մանկավարժների պարգեւատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով եւ նախարարության «Ոսկե հուշամեդալով»:

Ի դեմս մանկավարժների՝ նախարարը շնորհավորել է կանանց, շեշտելով, որ Հայաստանի կրթության համակարգը կանացի դեմք ունի. մանկավարժների մեծ մասը կանայք են,   իսկ միջոցառումն ու պարգեւները նպատակ ունեն շեշտելու, որ ուսուցչուհիները սիրված եւ գնահատված են պետության կողմից. «Ուսուցիչն ավանադաբար սիրված է եղել շրջապատում, նա կարեւոր կերպար է դիտվել համայնքում, գյուղում, քաղաքում: Ժամանակը, թեեւ  որոշակի փոփոխություններ է մտցրել ընկալումների ու  հարաբերությունների մեջ, սակայն ես վստահ եմ՝ այսօր էլ ուսուցիչը մեր հասարակության ազդեցիկ դերակատարներից է: Ձեր աշխատանքի իրական գնահատականը տալու են ժամանակն ու Ձեր աշակերտները: Մենք ունենք շատ ուսուցիչներ, ովքեր իրավմամբ արժանի են եւ պետք է լինեն  մեր օրերի հերոսը»,- նշել է նախարարը:

Ա. Աշոտյանը շնորահավորել եւ շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին՝ նվիրական աշխատանքի համար՝ շեշտելով, որ ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում, առավել եւս այսօր,  ծանր ու պատասխանատու  է . «Ես շնորհակալ եմ, որ Դուք սերունդներին կրթելու ճանապարհն անցնում եք փառքով եւ հավատով առ այն, որ ձեր աշխատանքի լավագույն գնահատականն այն սերունդներն են, ում Դուք ճանապարհել եք կյանք: Երբեք չեմ կիսել այն մոտեցումը, թե նոր սերունդն այնքան էլ լավը չէ. նոր սերունդը այլ է, փոխված է, բայց նա համեմատության մեջ երբեք չի զիջում իր նախորդներին: Այս ճշմարտությունը ոչ ոք, ավելի լավ, քան Դուք, վստահ եմ,  չի պատկերեցնում»,- դիմելով ներկաներին ասել է նախարարը:

Հանդիպման ավարտին նախարարը մանկավարժներին հանձնել է ՀՀ ԿԳՆ պարգեւները: