Երբ խնդիր կա,  պետք է արմատը նայել՝ հետեւելով հին ճշմարտությանը. Արդեն վաղուց հասարակաքաղաքական բանավեճերում, այդ թվում՝ մի շարք լրատվամիջոցների պատճառով, բառապաշարի կտրուկ անկում է նկատվում: Այս  մասին մարտի 26-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերը բնապահպան-ակտիվիստի հասցեին՝ «Ականջներդ կկտրեմ, լակոտ»:

 «Չի կարելի մեղադրել այն մարդուն, որին հետեւողականորեն հրահրում են՝ տապալելով միջոցառումը եւ աղաղակելով, օրինակ, «դուք կաշառք եք վերցրել»: Մի՞թե վիրավորական չէ», - ասել է Աշոտյանը՝ նշելով, որ «քամի մի տարածեք, որ փոթորկի տեսքով պատասխան չստանաք»:

Ի պատասխան  հարցին, թե արդարացնում է  արդյոք բնապահպանության նախարարին, Աշոտյանը հարցով է պատասխանել. «Իսկ դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման արտահայտություններով ցեխ են շպրտում կառավարության անդամների վրա: Դուք արդարացնո՞ւմ եք լրագրողներին, որոնք կայքերում ամենավերջին վիրավորանքներն են գրում, արդարացնո՞ւմ եք այն ակտիվիստներին, որոնք հրահրում եւ վիրավորում են մարդկանց: Խնդիրը սա է»: Ըստ Արմեն Աշոտյանի՝ չորրորդ իշխանությունը գործադիր իշխանության նման իշխանություն է՝ իր խնդիրներով: «Եթե ձեզ իսկապես հետաքրքրում է հասարակաքաղաքական քննարկումների մակարդակի բարձրացումը, ապա մենք պետք է միասին աշխատնք այդ ուղղությամբ»: