ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս գոյություն չունի, այն իրեն սպառած գործընթաց է: Այս մասին մարտի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է 1994 – 1997թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:
Ըստ նրա՝ ՄԽ-ի երեք համանախագահները ոչ մի ավել բան չեն անում, ինչը չկարողանային անել, ասենք, Նիգերիան, Մալին եւ Մալթան: «ԱՄՆ-ն Նիգերիայից տարբերվում է նրանով, որ գերտերություն է, համապատասխանաբար էլ, պետք է որոշակի ազդեցություն ունենա: Սակայն նրանք ասում են, որ ոչինչ անել չեն կարող եւ միայն առաջարկություններով են հանդես գալիս», - նշել է Լիպարիտյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ մարտի 23 – 25-ին, Հաագայի գագաթաժողովի շրջանակում:




























