Մասնագետ չեմ, պարզապես ցանկանում էի տեսնել, թե ինչ ջուր է առաջարկվում ինձ։ Այդ մասին, այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին համաժողովին տեղի ունեցած միջադեպին, երբ ակտիվիստները նախարարներին էին առաջարկել գետի պղտոր ջուր, իսկ նախարար Վ. Ավանեսյանը հոտ էր քաշել՝ պարզելու, թե ինչ ջուր է առաջարկվում իրեն:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքին ով ակտիվիստին ասել էր «Չափն ճանաչիր, ականջներդ կկտրեմ, այ լակոտ», Վ. Ավանեսյանը պատասխանեց, որ իրեն զայրացնում է ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, որն ուղղված էր իր գործընկերոջը: «Ձեզանից յուրաքանչյուրը, եթե հայտնվեր նման իրավիճակում, ապա կարծում եմ, որ ավելի վատ կպահեր իրեն: Դա, ուղղակի, անտանելի կլիներ: Հանրությունյանը պետք է իր կարծիքը հայտի, սակայն չափի մեջ: Չի կարելի կոշիկներով աթոռին կանգնել եւ գոռալ կոնֆերանսի ժամանակ»։
Բնապահպանության նախարարի պահվածքին լրագրողների խնդրանքով անդարադարձավ նաեւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ պետք չէ մարդկանց հրահրել, որպեսզի նրանք դուրս գան իրենց ափերից: Հարցին, թե նորմա՞լ է ականջները կտրելու ցանկությունը, Վ. Գաբրիելյանն ասաց. «Իմ կարծիքով, նա փոխաբերական իմաստով է ասել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ մեկը որեւէ մեկի ականջները կտրի: Դա, բնականաբար, ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ, բայց կարծում եմ հրարհրել է»:
Դիտարկմանը, թե փաստորեն Դուք համարում եք ցավալի, սակայն չե՞ք դատապարտում տեղի ունեցածը, Վ. Գաբրիելյանն արձագանքեց. «Եթե դուք ցավի մեջ վատ կամ լավ բան տեսնում եք եւ ուզում եք, որ ձեր բառերով շնչեմ, ես կարծում եմ, որ դա նույնպես ցավալի է»:




























