Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 17-ամյա բնակիչ Հայկ Ա.-ն մեղադրվում է Տիգրան Հ.-ին դանակով սպանելու մեջ, իսկ 18-ամյա Դավիթ Մ.-ն՝ հանցանշանները պարտակելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Հայկ Ա.-ն եւ Դավիթ Մ.-ն Տերյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնություն գործադրելով կատարել են խուլիգանություն, որի ընթացքում Հայկը դանակով հարվածել է Տիգրան Հ.-ի կրծքավանդակին եւ վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից: Դավիթն էլ իր հերթին կատարել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակի եւ հետքերի պարտակում:

Հայկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդեվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Դավիթ Մ.-ն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է պատժվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ պատժվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հայկը կալանավորված է, իսկ Դավիթն ազատ է արձայվել ստորագրությամբ:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: