Արագածոտնի մարզի Օշական գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Ռեհան Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց իր հետ կապված ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի պատճառով: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն նախկին տնօրենն ասաց, որ իրեն վատ է զգում, ճնշումը բարձր է եւ գնում է հիվանդանոց: Ավելի ուշ զանգահարեցինք Ռեհան Սարգսյանին, ով ասաց, որ հիվանդանոցում է, հարուցված քրեական գործի շուրջ ապրումների պատճառով ճնշումը տատանվում է: «Հուսամ լավ կլինեմ, կկարողանամ տուն գնալ: Ուսուցիչ մարդ եմ, այս դեպքի հետ կապված ապրումներից է»,- ասաց Ռեհան Սարգսյանը՝ խոստանալով մի քանի օրից անդրադառնալ իրավական գործընթացին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Արագածոտնի մարզի Օշական գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրենի` Ռեհան Սարգսյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Մարտի 25-ին նախկին տնօրենը արդեն հրավիրվել է Արագածոտնի մարզային վարչություն: Պարզվել է, որ 2002-2013 թ.թ. ընթացքում աշխատելով Օշական գյուղի հիմնական դպրոցում որպես տնօրեն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի ուսուցիչներին չի վճարել հետվճարային եւ արձակուրդային գումարները` մի քանի մլն դրամի չափով, ինչպես նաեւ 2011-2013 թ.թ. ընկած ժամանակահատվածում, Օշական գյուղի հիմնական դպրոցի բյուջեյից յուրացրել է 5.000.000 դրամի չափ գումար: Կատարվում է նախաքննություն: